Գլխավոր էջ » Հոդվածներ » Հասարակագիտություն

Արիստոտել
ԱՐԻՍՏՈՏԵԼ



Հունական դասական փիլիսոփայության մյուս խոշորագույն ներկայացուցիչը Արիստոտելն է՝ հին աշխարհի մեծագույն մտածողը, որին անվանում են հունական փիլիսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության «Զևս»: Պլատոնի փիլիսոփայության նման՝ Արիստոտելի փիլիսոփայությունը ևս խոր և անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա:
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ. Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում: 17 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի Ակադեմիան, որտեղ մնում է մինչև Պլատոնի մահը (մ.թ.ա. 347թ.): Դրանից հետո Արիստոտելը հեռանում է Աթենքից, մի քանի տարի ապրում տարբեր քաղաքներում: Շուտով նրան հրավիրում են մակեդոնական արքունիք որպես Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակ: Հետագայում մեծ զորավարը Արիստոտելի մասին ասել է, թե նրան պատվում եմ հորս հավասար, որովհետև հորս պարտական եմ իմ կյանքի համար, իսկ Արիստոտելին՝ այն, ինչ կյանքին արժեք է տալիս: Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ: Արիստոտելը դասախոսությունները կարդում էր ճեմելով, որի պատճառով էլ նրա հետևորդներին սկսեցին կոչել պերիպատետիկներ՝ ճեմականներ: Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո (մ.թ.ա. 323թ.) Աթենքում սկսվեցին հակամակեդոնական հուզումներ, և Արիստոտելին մեղադրանք ներկայացվեց իբր «անաստվածություն» քարոզելու համար: Սոկրատեսի պես նա չմնաց Աթենքում. դպրոցի ղեկավարությունը հանձնելով իր աշակերտ Թեոֆրաստեսին, նա հեռացավ Խալկիդա քաղաքը, որտեղ էլ հաջորդ տարում (մ.թ.ա. 322թ.) մահացավ:
Արիստոտելը գրել է բազմաթիվ ու բազմապիսի աշխատություններ, որոնց մի մասը չի հասել մեզ: Նա միայնակ այնքան գործ է կատարել գիտության ասպարեզում, որքան չեն կարողացել անել նրանից հետո մի քանի սերնդի գիտնականներ միասին վերցրած:
Արիստոտելի աշխատություններն ըստ բովանդակության բաժանում են 7 խմբի՝ տրամաբանական, փիլիսոփայական, ֆիզիկական, կենսաբանական, բարոյագիտական, հասարակագիտական և գեղագիտական: Արիստոտելը գիտությունները դասակարգում էր երեք խմբի մեջ՝ տեսական, գործնական և ստեղծագործական: Տեսական գիտության մեջ են մտնում ֆիզիկան, մաթեմատիկան և մետաֆիզիկան, գործնական գիտություններից են բարոյագիտությունն ու քաղաքագիտությունը, իսկ ստեղծագործական գիտություններն են պոետիկան և հռետորությունը: Չնայած նա տրամաբանության, որպես գիտության, հիմնադիրն է համարվում, սակայն տրամաբանությունը առանձին գիտություն չէր դիտում, կարծելով, որ դա ճշմարտության բացահայտման գործիք է կամ մեթոդաբանություն:
Արիստոտելը Պլատոնի աշակերտն էր և այս իմաստով նա շարունակում է զարգացնել պլատոնյան փիլիսոփայության հիմնական գաղափարները: Չնայած նրանց հայացքներում առկա են ընդհանրություններ և նմանություններ, այնուհանդերձ, Արիստոտելի փիլիսոփայությունը էականորեն տարբերվում է Պլատոնի ուսմունքից: Նախ, Պլատոնի լեզվամտածողությունը գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելինը՝ ձևական-տրամաբանական, երկրորդ, եթե Պլատոնը ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկը, բարիքը փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայական-նյութական աշխարհում: Եթե Պլատոնը այս աշխարհը համարում էր էյդոսների ստվերների աշխարհ, ապա Արիստոտելը դա համարում իսկական կեցության աշխարհ: Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական-նյութական իրերին, մինչդեռ Արիստոտելը էյդոսները տեղավորում իրերի մեջ որպես դրանց էություններ: Երրորդ, եթե Պլատոնը ընդունում էր բնածին գաղափարների և գիտելիքի գոյությունը մարդու հոգու մեջ, ապա Արիստոտելը հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին է միայն ճանաչելու կարողությունը: Սակայն Պլատոնի և Արիստոտելի ուսմունքների միջև գոյություն ունեցող տարբերությունները չպետք է բացարձակացնել, քանի որ, վերջին հաշվով, արիստոտելիզմը որոշ իմաստով կատարելագործված պլատոնիզմ է:
Առաջին փիլիսոփայությունը կամ մետաֆիզիկան սահմանելով իբրև գիտություն գոյի մասին՝ Արիստոտելը «Մետաֆիզիկա» աշխատության մեջ հանգամանորեն վերլուծում է գոյի մասին նախորդ փիլիսոփաների տեսությունները, ցույց տալիս դրանց բնորոշ թերությունները: Այդ կապակցությամբ նա անդրադառնում է նաև էյդոսների տեսությանը, դրա դեմ բերելով մի շարք փաստարկներ: Ըստ Արիստոտելի, մտահասանելի աշխարհում գոյություն ունեցող էյդոսները չեն կարող բացատրել ո՛չ իրերի ծագումը, ո՛չ էլ դրանց կեցությունը: Եթե էյդոսներն անշարժ են, անփոփոխ, ապա դրանք ավելի շուտ կարող են լինել անշարժության, քան թե շարժունության պատճառ: Էյդոսների գոյությամբ չի կարելի բացատրել նաև իրերի կեցությունը. եթե դրանք իրերի էություններն են, ապա ինչպես կարող են գոյություն ունենալ իրերից դուրս: Այնուհետև, էյդոսները չեն օգնում նաև ճանաչելու իրերը, քանի որ դրանք պարզապես իրերի «նմանակներն» են և, փաստորեն, կրկնապատկում են գոյություն ունեցող իրերը: Օրինակ, բովանդակային առումով ոչ մի էական տարբերություն չկա էյդոսի և այդ էյդոսն ունեցող իրերի միջև: Այնուհետև, եթե առանձին գոյություն ունեն իրերը և դրանց էյդոսները, ապա պետք է գոյություն ունենան նաև դրանց հարաբերությունն արտահայտող առանձին էյդոսներ: Այսինքն՝ Սոկրատեսի և «մարդ» էյդոսների հետ մեկտեղ պետք է գոյություն ունենա «երրորդ մարդը» և այսպես շարունակ:
Քննադատելով էյդոսների մասին ուսմունքը, Արիստոտելը բնավ էլ մտադիր չէ հրաժարվելու էյդոսի գաղափարից: Այդ տեսության դեմ բերվող փաստարկներում Արիստոտելը շեշտում է այն հանգամանքը, որ ինքնաբավ էյդոսներն իրերի համար ոչ մի նշանակություն չունեն. դրանք ո՛չ իրերի գոյության պատճառն են, ո՛չ շարժման աղբյուրը, ո՛չ էլ դրանց էությունը: Քննադատության ուղղվածությունից պարզ է դառնում, թե ինչպիսի բնություն ունեցող էյդոսն է նախընտրելի: Պարզ է, որ այն դեպքում էյդոսը իրի համար նշանակություն կունենա, եթե դա գործունյա է, շարժվում է, իր առկայությամբ պայմանավորում է իրի գոյությունը, իմաստավորում դրա կեցությունը և այլն: Այսպիսով, Արիստոտելը ոչ թե հրաժարվում է էյդոսների տեսությունից, այլ մշակում է նոր, տրամաբանորեն ավելի հիմնավորված տեսություն:
Արիստոտելի կարծիքով յուրաքանչյուր իրի առաջացման համար անհրաժեշտ են չորս պատճառ՝ նյութ, էյդոս (ձև), շարժում և նպատակ: Օրինակ, տուն կառուցելու համար պետք է ունենանք համապատասխան նյութ, տան նախագիծը՝ ձևը, կառուցողների գործողությունը (շարժման պատճառը) և պետք է իմանալ, թե հանուն ինչի է կառուցվում տունը, այսինքն՝ որն է դրա նշանակությունը: Քանի որ ձևը, ըստ Արիստոտելի, բովանդակում է թե՛ շարժումը և թե՛ նպատակը, ուստի իրի առաջացման համար անհրաժեշտ են նյութ և ձև, նյութական և ձևական պատճառ: Իսկ դա նշանակում է, որ մինչև իրերի առաջացումը պետք է գոյություն ունենան թե՛ նյութական և թե՛ ձևական պատճառները: Այսպիսով, ինչպես Պլատոնի, այնպես էլ Արիստոտելի գոյաբանությունը դուալիստական բնույթ ունի. իրարից անկախ գոյություն ունեն երկու սկիզբ՝ նյութական և իդեալական աշխարհները: Պլատոնի նման Արիստոտելը նյութը բնորոշում է որպես անձև, անորոշ, անորակ, առհասարակ դրական որևէ հատկությունից զուրկ սկիզբ: Այնուհանդերձ, նյութը ոչ կեցություն չէ, դա գոյություն ունի. դեռ ավելին, էյդոսի նման հավերժական է: Եթե նյութը ոչինչ լիներ, ապա ոչնչից ինչպես կարող էր ինչ-որ բան առաջանալ: Սակայն նյութը կրավորական, անկենդան, անճանաչելի է և ունակ չէ ինքն իրենից ինչ-որ բան առաջացնելու: Ի հակադրություն նյութի, էյդոսը (ձևը) գործունյա, ճանաչելի սկիզբ է: Ձևի և նյութի հարաբերակցությունը, ինչպես նաև իրերի առաջացման երևույթը բացատրելու համար Արիստոտելը ներմուծում է նոր հասկացություններ՝ «հնարավորություն» (պոտենցիա) և «իրականություն» (էներգիա, ակտուալություն): Ամեն մի առաջացում անցում է հնարավորից դեպի իրականը, հնարավոր գոյությունից դեպի իրական գոյությունը: Այդ պատճառով առաջացման գործընթացը ենթադրում է փոփոխվող սուբստրատ՝ որպես զուտ հնարավորություն և զուտ իրականություն, գործող էներգիա, որի շնորհիվ հնարավորությամբ գոյություն ունեցողը վերածվում է իրական գոյության: Այսպիսով, ըստ Արիստոտելի, նյութը զուտ հնարավորություն է, իսկ ձևը՝ զուտ իրականություն: Ձևն է նյութին հաղորդում իրական կեցություն, դրան տալիս որոշակիություն: Առաջացման գործընթացում նյութը ձևավորվում է, իսկ ձևը՝ նյութականացվում: Յուրաքանչյուր իր ձևի և նյութի միասնություն է. ձևը իրին հաղորդում է որոշակիություն, դառնում դրա էությունը, էյդոսը, իսկ նյութը անհատականացնում է էյդոսին, դրան հաղորդում պատահական հատկություններ: Նյութի և ձևի հակադրությունը բացարձակ չէ:
Եթե առանձին իրերը ձևի և նյութի միասնություն են, իսկ վերջիններս տիեզերական սկիզբներ են, ապա բնական է, որ ողջ տիեզերքը նույնպես կարելի է պատկերացնել որպես ձևի և նյութի միասնություն: Տիեզերքն ունի իր էյդոսը, ձևը, որը Արիստոտելն անվանում է Միտք, բանականություն, ձևերի ձև: Ինչպես յուրաքանչյուր իրի էյդոս անբաժան է դրանից, այնպես էլ տիեզերական էյդոսն անբաժան է տիեզերքից: Արիստոտելը տիեզերական էյդոսին վերագրում է երկու կարևոր հատկություն. առաջին, դա մտածողություն է մտածողության մասին, այսինքն՝ դա մտածում է ոչ միայն բոլոր իրերի էյդոսները, այլև ինքն իրեն, երկրորդ, տիեզերական էյդոսը սկզբնապատճառ է և առաջնաշարժիչ և, որպես այդպիսին, նա աստված է: Չնայած աստված կամ առաջնաշարժիչը անշարժ ու անփոփոխ է, այնուհանդերձ, նա է տիեզերքի շարժման աղբյուրը և հավերժական պատճառը: Արիստոտելը ելնում է այն մտքից, որ պատճառների և հետևանքների շղթան չի կարող անսկիզբ և անվերջ լինել, հետևաբար պետք է ընդունել անշարժ ինքնապատճառի գոյությունը, որը բոլոր տեսակի պատճառների և շարժումների հավերժական աղբյուրն է: Արիստոտելի կարծիքով աստված անմարմին, աննյութական գոյ է, այսինքն՝ զուտ էներգիա է, զուտ իրականություն կամ զուտ միտք: Նրան բնորոշ է տեսական հայեցողական գործունեությունը, ընդ որում, նրա հայեցողության առարկան հենց ինքն է: Այս իմաստով արիստոտելյան աստվածը նմանվում է փիլիսոփա-տրամաբանին, որը մտածում է իր մտածողության մեջ առկա ձևերի (հասկացությունների) և մտածողության օրենքների մասին: Քանի որ Արիստոտելը երանելի կյանքը համարում է հայեցողական կյանքը, այդ պատճառով նրա աստված նույնանում է բարձրագույն Բարիքի հետ, որը հանդես է գալիս որպես բոլոր գոյերի կեցության վերջնանպատակ:
Այսպիսով, եթե Պլատոնը իրերի առաջացումը բացատրելու համար ընդունում էր իրարից անկախ գոյություն ունեցող մի քանի գոյացություններ (Միասնականը կամ Բարիքը, էյդոսների աշխարհը կամ Համաշխարհային բանականությունը և Համաշխարհային հոգին), ապա Արիստոտելը այդ բոլորը միավորում է մեկ գոյացության մեջ, որը համատեղում է կեցության և միասնականի, բանականության և մտածողության, սկզբնապատճառի և առաջնաշարժիչի, գործունեության և կենդանության, բարիքի և կատարելության գործառույթները: Չնայած Արիստոտելը չի հաղթահարում նյութի և ձևի դուալիզմը, այնուհանդերձ, իր նորամուծությունների շնորհիվ նա կարողանում է տրամաբանորեն ավելի լավ հիմնավորել լինելության գործընթացը:
Եթե գոյաբանության տեսանկյունից ամեն մի իր նյութի և ձևի միասնություն է, ապա իմացաբանության տեսանկյունից՝ անհատական և ընդհանուր հատկությունների միասնություն է: Ընդունելով ձևի, ընդհանուրի գոյությունը իրերի աշխարհում՝ Արիստոտելը, ի տարբերություն Պլատոնի, հենց այդ ընդհանուրն էլ համարում է իմացության առարկա: Ճանաչել առարկան, նշանակում է իմանալ դրա ձևը, էությունը, պատճառը և հասկացությունը: Արիստոտելի կարծիքով մարդկային գիտելիքը փորձնական, ստացական բնույթ ունի: Այս կապակցությամբ նա չի ընդունում բնածին գիտելիքի մասին պլատոնյան տեսությունը. մարդու հոգին նման է «մաքուր տախտակի», որի վրա ոչինչ չկա գրված: Բանականությունն ունի երկու կողմ՝ գործունյա (ակտիվ) և կրավորական (պասիվ): Կրավորական բանականությունը կապված է զգայական-մարմնական մասի հետ, որի պատճառով էլ դրա նման մահկանացու է: Իսկ գործունյա բանականությունը կախված չէ զգայական պատկերացումներից, այսինքն՝ անկախ է և ինքնուրույն: Թեև Արիստոտելը չի ընդունում հոգու անմահության մասին պլատոնյան տեսակետը, սակայն անմահ է անվանում ներգործական բանականությունը: Կրավորականն առանց ներգործական բանականության ազդեցության չի կարող ինչ-որ բան ճանաչել: Սակայն կրավորական բանականությունը հնարավորությամբ պարունակում է բոլոր իրերի ձևերը: Եթե Պլատոնը կարծում էր, որ էյդոսներն ի ծնե գտնվում են բանականության մեջ և ճանաչողության խնդիրը դրանք վերհիշելն է, ապա Արիստոտելը կարծում է, որ հնարավորությամբ գոյություն ունեցող ձևերը ճանաչողության ընթացքում վեր են ածվում իրականության, երբ մի կողմից առկա է ներգործական բանականության, մյուս կողմից՝ զգայական իրերի ազդեցությունը զգայարանների վրա: Զգայական իմացության հետևանքով հոգու մեջ առաջանում է տվյալ իրի զգայական պատկերը, որը բազմիցս կրկնվելու դեպքում ամրագրվում է հիշողության մեջ՝ որպես ընդհանուր զգայական պատկեր: Բանականությունը ընդհանրացման և վերացարկման ճանապարհով ստեղծում է ընդհանուր հասկացություններ, որոնց հիման վրա էլ առաջանում են փորձնական գիտելիքը, արվեստը և գիտությունները, այդ թվում՝ կեցության բարձրագույն պատճառների մասին գիտությունը՝ մետաֆիզիկան կամ աստվածաբանությունը: Գիտելիքը, ըստ Արիստոտելի, ճշմարիտ կարող է լինել միայն այն դեպքում, եթե, նախ, համապատասխանում է իրականությանը, երկրորդ, եթե բավարարում է բանականության կողմից ներկայացվող պահանջներին՝ մտածողության օրենքներին և կշռադատության կանոններին: Արիստոտելն առաջին մտածողն էր, որ մտածողությունն ուսումնասիրելով կառուցվածքային տեսանկյունից, ձևակերպեց տրամաբանական մտածողության հիմնական օրենքները, մտահանգման ու ապացուցման ձևերը: Նա ստեղծեց մի ամբողջական գիտություն, որը ինքն անվանում էր անալիտիկա և որը, սկսած Կանտից, կոչվեց ձևական տրամաբանություն: Մտածողությունը գործառում է ընդհանուր հասկացություններով, որոնք արտացոլում են իրերի էական և պատահական, ընդհանուր և անհատական հատկությունները: Արիստոտելը ընդունում էր իրերի ինչությունը և որպիսությունը բացահայտող հետևյալ տասը կատեգորիաները. գոյացություն, քանակ, որակ, հարաբերություն, տեղ, ժամանակ, դրություն, տիրապետում, գործողություն և կրում: Դրանք մտածողության առավել ընդհանուր հասկացություններն են, որոնց միջոցով կարող ենք ճանաչել ուզածդ առարկա: «Գոյացություն» հասկացությամբ նշանակվում է առանձին իրը, իսկ մյուս հասկացություններով՝ դրա հատկությունները, որոնք գոյացությունից անկախ չեն կարող գոյություն ունենալ:
Փիլիսոփայության տեսանկյունից հատկապես նշանակալից էին Արիստոտելի կողմից մտածողության հիմնական օրենքների՝ հակասության, նույնության և երրորդի բացառման, ձևակերպումները: Դրանով իսկ խորտակիչ հարված հասցվեց հարաբերապաշտական ու սոփեստական ուսմունքներին, որոնք, մերժելով ճշմարտության հանրանշանակ չափանիշի գոյությունը, կասկածի տակ էին դնում առհասարակ գիտելիքի գոյությունը: Այսպես, նույնության օրենքն արգելում է դատողության ընթացքում միևնույն հասկացությունը տարբեր իմաստով և նշանակությամբ գործածել, մինչդեռ դա սոփեստների «համոզման արվեստի» առանցքային հնարներից էր: Հակասության օրենքի համաձայն երկու հակադիր դատողություններ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել, այսինքն՝ չի կարելի միաժամանակ որևէ հատկություն նույն իմաստով վերագրել մի բանի և միևնույն ժամանակ ժխտել: Օրինակ, Հերակլիտեսը նույնացնում էր հակադրությունները՝ դրանք գործածելով տարբեր իմաստներով: Մինչդեռ, ըստ Արիստոտելի, չենք կարող միաժամանակ պնդել, թե Սոկրատեսը գոյություն ունի և գոյություն չունի: Հակասության օրենքից բխում է երրորդի բացառման օրենքը, որն արգելում է ոչ միայն այն, որ միևնույն բանին չի կարելի միաժամանակ վերագրել հակադիր հատկություններ, այլև, որ դրանցից մեկի ճշմարիտ լինելը նշանակում է մյուսի կեղծ լինելը:
Արիստոտելի բարոյագիտական հայացքները շարադրված են «Նիկոմախի բարոյագիտություն», «Էվդեմոսի բարոյագիտություն» և «Մեծ բարոյագիտություն» աշխատություններում: Այս երեք աշխատություններից միայն «Նիկոմախի բարոյագիտությունն» է համարվում իսկական արիստոտելյան տրակտատ:
Բարոյագիտությունը, ըստ Արիստոտելի, գործնական գիտություն է: Դա սերտորեն կապված է քաղաքագիտության հետ և որոշ իմաստով էլ հանդիսանում է քաղաքագիտության մասն ու սկիզբը: Իսկապես, գրում է նա, կատարելապես անհնար է գործել հասարակական կյանքում, չլինելով որոշակի բարոյական հատկությունների կրող, արժանի մարդ: Լինել արժանի մարդ, նշանակում է օժտված լինել բարոյական առաքինություններով: Իսկ այն մարդը, ով ուզում է մասնակից լինել հասարակական-քաղաքական կյանքին, պետք է լինի առաքինի վարքի տեր մարդ:
Արիստոտելի բարոյագիտությունը տրամաբանորեն կապված է նրա փիլիսոփայական հայացքների հետ: Ինչպես նրա գոյաբանությունը, այնպես էլ բարոյագիտությունը նպատակաբանական բնույթ ունի: Տիեզերքի բոլոր գոյացությունները, այդ թվում և մարդը, ներքին ձգտում ունեն դեպի բարիքը, դեպի բարձրագույն բարիքը՝ իբրև վերջնական նպատակ: Ըստ այդմ էլ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին ու նպատակին, գիտություն այն մասին, թե ինչպես մարդ կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը կամ երանությանը: Ի տարբերություն Սոկրատեսի, որը նույնացնում էր առաքինությունն ու գիտելիքը, Արիստոտելը բարոյական առաքինությունները կապում է կամքի հետ, կարծելով, որ թեև բարոյականությունը կախված է գիտելիքից, այնուհանդերձ, դա խարսխված է կամքի վրա: Մի բան է իմանալ, թե ինչ է բարին, և մի այլ բան, բարիք գործելը: Բացի դրանից, գիտելիքը միշտ ընդհանրական բնույթ ունի, իսկ մարդու արարքը՝ միշտ մասնավոր բնույթ:
Արիստոտելը քննադատում է նաև Պլատոնի բարոյագիտական ուսմունքի հիմնարար մի քանի գաղափարներ: «Նիկոմախի բարոյագիտություն» աշխատության մեջ նա գրում է, թե «մեր պարտքն է հանուն ճշմարտության փրկության հրաժարվել թանկագինից ու մերձավորից, մանավանդ, եթե մենք փիլիսոփաներ ենք: Ու չնայած երկուսն էլ մեզ թանկ են, այնուամենայնիվ, արժանապատիվը՝ ճշմարտությունն առավել պաշտելն է»: Հետագայում այս ասույթը տարածվել է հետևյալ ձևակերպմամբ՝ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունը ավելի թանկէ»: Պլատոնի և Արիստոտելի բարոյագիտական հայացքների հարաբերակցության կապակցությամբ հարկ է նշել, որ ինչպես Պլատոնը, այնպես էլ Արիստոտելը բարձրագույն բարիքը համարում են ոչ թե զգայական-նյութական բարիքը, այլ հոգևոր բավարարվածությունը, մտավոր հաճույքը, տեսական գործունեությունը: Մարդը պետք է իրեն հաստատի որպես հոգևոր էակ, որի կենսագործունեության բարձրագույն ձևը ճանաչողությունն է, փիլիսոփայելը, հայեցողական կյանքով ապրելը: Սակայն, եթե Պլատոնը զգայական-մարմնական ձգտումները դիտում էր իբրև հոգու կապանքներ, որոնք մարդուն թույլ չեն տալիս հեռանալ երկրային կյանքից, նրան շեղում են ճշմարիտ նպատակից, ապա Արիստոտելը, ելնելով նյութականի և իդեալականի, մարմնի և հոգու միասնության գաղափարից, մարմնական-զգայական ձգտումները դիտում է իբրև հոգու անկապտելի հատկություններ: Իսկ բանականության գերիշխանությունը զգայական կրքերի նկատմամբ նա դիտում է ոչ թե երկրային աշխարհից հեռանալու միջոց, այլ անհրաժեշտ պայման նպատակահարմար արարքների ու գործելակերպի համար: Եթե Պլատոնի համար մարդու ազատությունը կախված է մարմնական կրքերի հաղթահարման հետ, ապա, ըստ Արիստոտելի, անազատ է այն մարդը, որը գտնվում է անգիտության և բռնության մեջ: Մարդն օժտված է կամքի ազատությամբ, քանի որ կարող է ընտրություն կատարել չարի և բարու միջև: Արիստոտելի կարծիքով պլատոնյան բարձրագույն բարիքն անհասանելի է մարդուն, հետևաբար՝ անիրական է: Սակայն, հարկ է նշել, որ այս հարցում Արիստոտելը, մի կողմից, խեղաթյուրում է Պլատոնի միտքը, մյուս կողմից՝ ցուցաբերելով անհետևողականություն, ինքը նույնպես ընդունում է պիտոյական բարձրագույն բարիքի գոյությունը, թեև դա մեկնաբանում է իբրև կյանքին ներքնապես բնորոշ բարոյական նպատակ:
Արիստոտելի կարծիքով բարձրագույն բարիքին հասնելու նախապայմանը առաքինի՝ կատարյալ լինելն է: Նա առաքինությունները բաժանում է երկու խմբի՝ բարոյական և դիանոբարոյական (մտավոր): Բարոյական առաքինությունները (օրինակ, առատաձեռնությունը, չափավորությունը և այլն) պայմանավորված են մարդու խառնվածքով, բնավորությամբ, իսկ դիանոբարոյականը կապված է հոգու բանական հատկությունների հետ: Դրանցից են, օրինակ, խելամտությունը, խոհականությունը և իմաստնությունը: Եթե մտավոր առաքինությունները ձեռքբերովի են, ապա բարոյականը՝ դաստիարակության արդյունք են: Այսպես, որպեսզի մարդ քաջություն գործի, ապա նա պետք է այնպիսի դաստիարակություն ստանա, որ ամեն պահի պատրաստ լինի գործել քաջություն: Այսինքն՝ առաքինի լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլև համապատասխան դաստիարակություն:
Առաքինությունը, ըստ Արիստոտելի, երկու ծայրահեղությունների միջինի ընտրությունն է: Օրինակ, արիությունը վախկոտության և անխոհեմության միջինն է, համեստությունը՝ ամոթխածության և անամոթության միջինը: Արիստոտելը պարզաբանում է, որ առաքինությունը ընտրում է միջինը ոչ թե առհասարակ լավից և վատից, այլ լավերից ընտրում է լավագույնը:
Դիանոբարոյական առաքինությունների բնույթը և բարոյական իդեալի էությունը հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն հոգու մասին Արիստոտելի հայացքները: Ստագիրացին մարդկային հոգու մեջ տարբերակում է երկու մաս՝ բանական և անբան: Իր հերթին բանական մասը ունի երկու կողմ՝ մտահայեցողական, որի միջոցով ճանաչվում են կեցության անփոփոխ պատճառները, և բանախոհական, որի միջոցով իմաստավորվում են կյանքի փոփոխվող հանգամանքները, իրականացվում գործողությունների ճիշտ ընտրություն: Առաջինը կարող ենք անվանել տեսական բանականություն, իսկ երկրորդը՝ գործնական բանականություն կամ իմաստություն: Տեսական բանականությունը մշակում է ընդհանուր կողմնորոշումը, իսկ գործնական բանականությունը ղեկավարում է մարդու գործունեությունը, ուղղություն տալիս նրա կրքերին ու ձգտումներին: Անկասկած, բարոյական առաքինությունները կատարելագործում են մարդուն, նրա մեջ դաստիարակելով հակում դեպի բարի արարքները: Այդ առաքինությունները բնորոշ են ազատ մարդուն, որն ի վիճակի է ինքնուրույն ընտրություն կատարելու, գնահատելու իր արարքները և պատասխան տալ դրանց համար: Այնուամենայնիվ, բարոյական առաքինությունները վերաբերում են մարդկանց գործնական կյանքին, իսկ վերջինս մարդկային գործունեության բարձրագույն ձևին՝ հայեցողական կյանքին: Դրան հասնելու համար նա պետք է կատարելագործի իր լավագույն ունակությունը՝ բանականությունը, որն իր բնույթով աստվածային ծագում ունի: Բանականության վրա է խարսխված փիլիսոփայությունը, միակ գիտությունը, որն զբաղվում է կեցության անփոփոխ սկզբունքների հայեցողությամբ: Ուստի, այն կյանքը, որը նվիրված է փիլիսոփայությանը, կարող է մարդուն հասցնել երջանկության և երանության: Այսպիսով, Արիստոտելի բարոյական իդեալը հայեցողական կյանքն ու գործունեությունն է, որը մարդուն տալիս է հոգեկան բավարարվածություն, երջանկություն և անմահություն:
Պետության մասին արիստոտելյան ուսմունքը խարսխված է այն հիմնադրույթի վրա, որ մարդն ի բնե հասարակական-քաղաքական էակ է, ստեղծված է համատեղ սոցիալական կյանքի համար: Մարդն առանց մյուս մարդկանց հետ հաղորդակցվելու չի կարող ունենալ լիարժեք կյանք: Հասարակությունից դուրս ապրող մարդը, ըստ Արիստոտելի, կամ գերմարդ է կամ էլ՝ բարոյական իմաստով թերզարգացած: Մարդկանց համակեցության ձևերը բազմազան են, բայց բարձրագույնը, որին ենթարկվում են մյուս բոլորը, պետությունն է: Սկզբում ձևավորվել են ընտանիքները, հետո համայնքները, այնուհետև՝ պետությունը: Քանի որ մարդը իրեն լիովին դրսևորում է պետության մեջ, այդ պատճառով Արիստոտելը կարծում է, որ բնությամբ պետությունն առաջնային է համայնքի, ընտանիքի և անհատի նկատմամբ: Պետության նպատակը ընդհանուր բարիքի, բոլորի համար երջանիկ կյանքի ապահովումն է: Թեև այս հարցում Արիստոտելի և Պլատոնի տեսակետները համընկնում են, այնուհանդերձ, Արիստոտելը քննադատում է Պլատոնի իդեալական պետության մասին նախագծի մի շարք հիմնադրույթներ: Պետությունը մի ամբողջություն է, բայց դրա տարրերի չափից դուրս «միասնականցումը» կարող է հանգեցնել պետության կործանմանը: Եթե Պլատոնը բոլոր չարիքների աղբյուրը տեսնում էր մասնավոր սեփականության մեջ, ապա Արիստոտելը առանց մասնավոր սեփականության չի պատկերացնում պետության գոյությունը: Մասնավոր սեփականության զգացմունքն ի ծնե ներհատուկ է մարդուն, այսինքն՝ մարդը բնականից եսասեր է և նախ և առաջ մտածում է սեփական բարիքի մասին: Մարդը ավելի շատ սիրում է ինքն իրեն և ուրիշների հետ բարեկամություն անելիս սիրում է սեփական բարիքը: Վերլուծելով 158 քաղաք-պետությունների սահմանադրությունները, ցույց տալով դրանց առավելություններն ու թերությունները, Արիստոտելը նշում է, որ պետությունը կարող են կառավարել կամ շատերը, կամ մի քանի հոգի, կամ էլ՝ մեկը: Դրանցից յուրաքանչյուրը կարող է լինել լավ (ճիշտ) կամ վատ (սխալ): Ճիշտ կառավարման ձևի դեպքում պետության նպատակն ընդհանուր բարիքի ապահովումն է, իսկ սխալ կառավարման ձևի դեպքում՝ մասնավոր բարիքի: Ճիշտ կառավարման ձևերն են՝ միապետությունը, արիստոկրատիան և հանրապետությունը, իսկ սխալ կառավարման ձևերն են՝ բռնապետությունը, օլիգարխիան և դեմոկրատիան: Կառավարման տարբեր ձևերի գոյությունն Արիստոտելը պայմանավորում է երանելի կյանքին հասնելու մարդկանց ձգտումների տարբերությամբ: Երանելի կյանքի իդեալը այս կամ այն չափով իրականացվում է գոյություն ունեցող պետություններում, սակայն դրա լրիվ իրականացման համար անհրաժեշտ է լավագույն կառավարում ունեցող պետության գոյություն: Լավագույն պետական կառավարման ձևը, ըստ Արիստոտելի, հունական քաղաք-պետությունն է, քանի որ միայն հույները կարող են ազատությունը համատեղել կարգի, արիությունը՝ մշակույթի հետ: Լավագույն պետությունը պետք է գտնվի աշխարհագրական նպաստավոր վայրում, ունենա սահմանափակ տարածք և բնակչություն: Քանի որ ամեն ինչում լավագույնը «միջինն» է, ուստի լավագույն կարող է լինել այն պետությունը, որտեղ չկա ծայրահեղ հարստություն և ծայրահեղ աղքատություն, որտեղ «միջին» խավի մարդիկ կազմում են մեծամասնություն: Լավագույն պետությունը չի կարելի պատկերացնել առանց ստրուկների, թեև ինչպես վերջիններս, այնպես էլ արհեստավորները, երկրագործները և արհեստավորները չունեն քաղաքացիական իրավունքներ: Ստրուկը ինքն իրեն չի պատկանում, բայց մարդ է, որը բնությամբ ստրուկ է: Ստրուկը շնչավոր ու «խոսող» գործիք է և դրանով տարբերվում է տիրոջ մյուս գործիքներից: Արիստոտելի կարծիքով հույները բնականից կոչված են ազատ լինելու, իսկ «բարբարոս» ժողովուրդները՝ ստրուկ: Լավագույն պետության մեջ ազատ քաղաքացիները պետք է զբաղվեն միայն զինվորական, օրենսդրական և դատական գործերով: Պետությունը պետք է օրենսդրորեն կարգավորի մարդկանց միջև գոյություն ունեցող բոլոր հարաբերությունները: Օրենքները, այլ ոչ թե մարդիկ պետք է մարմնավորեն բարձրագույն իշխանությունը: Արգելվում է անել այն, ինչ օրենքով չի թույլատրված: Արիստոտելի կարծիքով, իրավունքը մասամբ բնությամբ է, մասամբ էլ՝ պայմանականության արդյունք: Բնական իրավունքն ամենուր ունի միևնույն նշանակությունը և կախված չէ կառավարողների կամքից ու գիտակցությունից: Պայմանական իրավունքը պետք է հենվի բնական իրավունքի վրա և պետք է ապահովի քաղաքացիական արդարությունը, օրինականությունը և հավասարությունը: Ինչպես Պլատոնը, այնպես էլ Արիստոտելը կարևորում են պետության դերը մարդկանց դաստիարակության և բարոյական կատարելագործման գործում:


նյութը վերցված է www.gevorgyan.info կայքից

Կատեգորիա: Հասարակագիտություն | Ավելացրեց: BGO (30.10.2013)
Դիտումներ: 11188 | Մեկնաբանություններ: 8 | - Վարկանիշ -: 4.3/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Kdqhre  
0
order atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin sale</a> order atorvastatin 20mg online cheap

2 Xhfgpp  
0
buy atorvastatin 20mg online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg usa</a> buy atorvastatin generic

1 Kerzja  
0
atorvastatin 20mg drug <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> atorvastatin 20mg ca

Անուն *:
Email *:
Կոդ *: